ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ո՞վ ասաց` չեն սիրում ՓՄՁ-ներին...

Ո՞վ ասաց` չեն սիրում ՓՄՁ-ներին...
20.06.2008 | 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾՈՒՄ Է
Ամեն Աստծո օր գործարարներն ու լրագրողները խոսում են այն մասին, որ ամբողջությամբ ներկրումներից կախված և մենաշնորհայնացված մեր տնտեսության մեջ համարյա տեղ չկա փոքր ու միջին բիզնեսի համար, որին վերջին հարվածը հասցվեց պարզեցված հարկի մասին օրենքի փոփոխությունից հետո, բայց ահա փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մոտ ժամանակներս հավաստել է, թե այստեղ ամեն բան հրաշալի է, և որ 2007-ին, գոնե մայրաքաղաքի տվյալներով, առկա բիզնեսի մոտ 44,4%-ը բաժին է ընկել հենց փոքր ու միջին բիզնեսին:
Ավելին, մարդը պնդել է, թե ընդհանուր առմամբ 2007-ին Հայաստանում ստեղծվել են 16000 նոր ձեռնարկություններ, որոնք փոքր ու միջին բիզնեսն են ներկայացնում (զարմանալի մի թիվ, որ ոչ Ազգային վիճակագրական ծառայության թվերով է հաստատվում, ոչ էլ Հարկային պետական ծառայության. այստեղ ոնց նախկինում էին խոսում «մոտ 34 000 հարկատուի» մասին, նույնն էլ հիմա են ասում…), և որոնց շնորհիվ լրացուցիչ 23 000 նոր աշխատատեղ է ստեղծվել երկրում: Դե, պետությունն էլ, տեսնելով այս «շարժը», որոշել է է´լ ավելի աջակցել ՓՄՁ-ներին ու մի ծրագիր կազմել, ըստ որի` «Մենք ՓՄՁ-ներին երաշխիքներ կտրամադրենք, որով նրանք բանկերից կարող են 1 մլն դրամի չափով վարկ վերցնել: Հարկ է նշել, որ գյուղական համայնքների համար սա բավականին մեծ գումար է»,- նշել է Կարապետյանը, առանց բացատրելու, թե ինչու հանկարծ մայրաքաղաքից անցավ գյուղական համայնքներին, որտեղ իսկապես էլ թշվառություն է տիրում: Ավելին ասենք. իրական գյուղացին ո´չ ժամանակ ունի Երևան հասնելու, ո´չ նյարդեր` բանկային բյուրոկրատիան հաղթահարելու և ո´չ էլ հնարավորություն` ընդամենը մեկ տարով, այն էլ այդպիսի ահավոր տոկոսներով տրվող վարկը փակելու համար: Եվ հետո` դարձյալ մոռանում են պարզեցված հարկի փոփոխության մասին, որն ասպարեզից հանվեց միայն այն թույլիկ մեկնաբանմամբ, թե խոշորները գալիս-մտնում են և դրանով աշխատում: Է, վերահսկեք. բա էլ ինչո՞ւ եք աշխատում: Թե՞ սովորել ենք «Չկա գլուխ, չկա նաև գլխացավ» տարբերակին…
Բայց դե, մարդիկ պնդում են, որ էդպես չի, որ վիճակը լավ է, միտում ունի ավելի զարգանալու, ինչին կրկին ահա նաև հարկային պետական ծառայությունն է միացել` իր բարեփոխումներով ու հայտարարված 7 նպատակներով, որոնցից մեկն էլ ՓՄՁ-ներին է վերաբերում:
-Ինչի՞ եք հասնելու ձեր բարեփոխումներով կամ բարեշրջումներով, էն պարզեցված հա՞րկն ինչու հանեցիք, վերահսկողության, թափանցիկության, հարկային ճիշտ վարչարարության կամ բարեշրջման այլ ձև չկարողացա՞ք մտածել,- հարցնում եմ ՀՊԾ հարկային վարչարարության կատարելագործման վարչության աշխատակից ՍԵՎԱԿ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ով արդեն քանի ամիս է, իր նման մի շարք հարկային մասնագետների հետ միասին տքնում է այս բարեփոխումների ծրագրի վրա:
-Ես հասկանում եմ, որ 2008 թ. հունվարի 1-ից հետո, երբ այդ հարկատեսակը փոխվեց, իսկապես ի հայտ եկան որոշ դժվարություններ` կապված հարկային ու հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվարկ-հաշվետվությունների կազմման ու ներկայացման, փաստաթղթաշրջանառության և վարչարարության հետ: Բայց ի սկզբանե նախատեսված էր, որ սա միակ փոփոխությունը չէր լինելու: Այսինքն` ՓՄՁ ոլորտում պլանավորվել էր հարկային օրենսդրության և վարչարարության կատարելագործմանն ուղղված և ընդհանուր տրամաբանություն ունեցող միջոցառումների շարք, որոնք արդեն կարծես թե հստակվում են, շուտով կընդունվեն կառավարության կողմից, և վարչապետի որոշմամբ կհաստատվի նաև դրանց կատարման ժամանակացույցը: Նշեմ նաև, որ օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթը, որ պիտի դրանից հետո անցնի ԱԺ ընթացակարգով, կազմվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, այն բազմիցս քննարկվել է հարկատուների ու նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ, և ակնհայտ է, որ հաշվի ենք առնում նաև նրանց կարծիքը:
-Պարոն Ոսկանյան, մինչև հայտարարված բարեշրջումները երբ մենք անընդհատ «բարեփոխումների մեջ էինք», ամեն տարի համարյա նույն հարկայինը նույն բացատրություններով ԱԺ-ում հանդես էր գալիս օրենսդրական փոփոխություններով, հաճախ նաև` ամբողջական փաթեթով, որ ներառում էր բոլոր հարկատեսակները, բայց ամեն անգամ կանգնում էինք նույն կոտրած տաշտակի առաջ: Ավելին ասեմ. բարեփոխված, թե բարեշրջված` մեր հարկայինի հիմնական փիլիսոփայությունը երկու սյուների վրա է հիմնված. գործարարն ի սկզբանե հանցագործ է, և «նրա ականջները պիտի միշտ քաշել», բյուջեին միշտ փող է պետք, ու մեր «ֆիսկալ դեմքը պետք է միշտ տեղը տեղին պահել», ընդ որում` հիմնականում անուղղակի հարկերի միջոցով: Հասկանում եմ, իհարկե, որ գուցե քաղաքական հարց եմ տալիս, որին Դուք դժվար թե պատասխանեք, բայց կուզեի մի քանի բարեշրջված դրույթ իմանալ, որոնց շուրջ գուցե մենք էլ մեր հերթին զրուցենք գործարարների հետ, տեսնենք` սրտներո՞վ է:
-Ճիշտն ասած, ես այնքան էլ համաձայն չեմ Ձեր ասածին, բայց իսկապես թողնենք փիլիսոփայությունը մի կողմ և կոնկրետ բաների անդրադառնանք: Օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվում է, օրինակ, որոշակի շեմ սահմանել` ԱԱՀ վճարող համարվելու համար, ինչը շրջանառության փոքր ծավալներ ունեցող հարկ վճարողներին հնարավորություն կտա նշյալ շեմը չգերազանցելու դեպքում չհամարվել ԱԱՀ վճարող, և արդյունքում վերջիններս գործ կունենան միայն մի հարկատեսակի հետ: Չի բացառվում, որ իրենց իսկ ցանկության դեպքում նրանք նաև դասական սխեմայով աշխատելու հնարավորություն կունենան: Կարծում եմ` սա արդեն լավ է: Երկրորդ` զգալիորեն բարելավվելու են փաստաթղթավորման հետ կապված հարցերը. ներդնելու ենք պարզ հաշվարկային փաստաթղթեր, որպեսզի որոշակի շեմի դեպքում վճարային փաստաթղթերը համարվեն եկամուտներ կամ ծախսեր հիմնավորող փաստաթղթեր:
-Նկատի ունեք, օրինակ, ՀԴՄ կտրոնները՞…
-Այո, դրանք հիմնավորող փաստաթուղթ կարող են լինել, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա արդյունքում 1 մլն դրամը:
-Բայց ոնց որ նախկինում էլ նույն չափն էր…
-Այնքան էլ այդպես չէր, բայց թույլ տվեք շարունակեմ։ Որպես բարեփոխում` նախատեսում ենք այդ սահմանաչափը էականորեն ավելացնել, դրա համար նաև մեր քաղաքացիներին խնդրում ենք, որ անպայման ՀԴՄ կտրոնները պահանջեն վաճառողից:
-Իսկ եթե, օրինակ, այդ 1 կամ 2 միլիոնը (նայած` ինչ չափ կսահմանեք) չի գերազանցվո՞ւմ…
-Այդ դեպքում մարդը հնարավորություն կունենա մատակարարներին կանխիկ վճարած ԱԱՀ-ի գումարների հաշվանցումներ կատարել նաև ՀԴՄ կտրոնների և կրճատ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` դրան զուգահեռ պարտադիր կերպով ապահովելով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը: Ի դեպ, որպես մեկ այլ դրական քայլ կարելի է նշել, այսպես ասած, առաջարկվող առաքումների և հասույթների գրանցման գրքերի ընթացակարգերի էական պարզեցումը փոքր ձեռներեցների համար: Դրանից բացի, այդ ոլորտի համար մենք կունենանք հարկային հաշվառման պարզեցված ընթացակարգեր և օրենսդրորեն սահմանված հստակ երաշխիքներ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը Հայաստանում…
Բնականաբար, մեկ նյութի շրջանակներում անհնար էր անդրադառնալ բոլոր հարցերին, մանավանդ որ փոփոխությունների փաթեթը դեռ ամբողջական չէ, և պարզ էլ չէ` արտաքինից դրական համարվող փոփոխությունը ընդհանուր տրամաբանության մեջ դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Այդուհանդերձ, սա էլ բավական է` գործարարների հետ «Իրավունք de facto»-ի շրջանակներում լուրջ քննարկում սկսելու համար: Այնպես որ, մանավանդ նրանց, ովքեր մասնակցել և շարունակում են մասնակցել այս գործընթացին, առաջարկում ենք արձագանքել և իսկապես լուրջ հրապարակայնություն ապահովել այս փոփոխությունների համար: Բնականաբար, «տաբուներ» չեն կարող լինել, և կներկայացվեն բոլոր կողմերի, բայց այս փուլում` հատկապես ՓՄՁ-ների ներկայացուցիչների տեսակետները…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 7351

Մեկնաբանություններ